Ազդարարվել է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 12-րդ կինոփառատոնի մեկնարկը

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը ՀՀ Մշակույթի նախարարության, փառատոնի գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ մամլո ասուլիսով ազդարարել է փառատոնի 12-րդ մեկնարկը:
Ասուլիսի բանախոսներն են եղել ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը:
«Արվեստն այն հզոր ուժն է, որն ի զորու է փոխել աշխարհը, մարդկանց գիտակցությունը, արժեհամակարգը: Արվեստը թերևս ամենաազդեցիկ միջոցն է միմյանց ճանաչելու, հասկանալու, հարգելու, և, հետևաբար, խաղաղ համագոյակցություն ապահովելու համար: Կինոն արվեստի հզորագույն ուղղություններից մեկն է` արտահայտչամիջոցների ավելի լայն հնարավորությունների և ավելի մեծ լսարանի շնորհիվ: Արդեն տասներկու տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շնորհիվ հայ կինոսեր հասարակությունը հնարավորություն է ստանում զգալու ժամանակի շունչը, տեսնելու համաշխարհային արվեստի զարգացման միտումները և ուղղությունները, հաղորդակից դառնալու այլ երկրների մշակույթին: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հպարտ է մշակութային այս նշանակալի իրադարձության ստեղծման և զարգացման հարցում իր շարունակական ներդրումն ունենալու համար»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Ոսկե ծիրանը» տարվա ամենասպասված մշակութային իրադարձություններից է, որն անհնարին կլիներ առանց երեք սյուների` ՀՀ մշակույթի նախարարության, ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Երևանի քաղաքապետարանի, որոնք միշտ փառատոնի կողքին են: 12-րդ փառատոնը խոստանում է հետաքրքիր լինել` հարուստ ծրագրեր, աշխարհահռչակ հյուրեր, մրցանակակիր ֆիլմերի երևանյան պրեմիերաներ, և այլն»,-ասել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը:
«Փառատոնը մի իրադարձություն է, որին, իրավամբ, հայ և, ինչու՞ չէ` միջազգային մշակութասեր հանրությունը սիրով է սպասում: Միջազգային մշակութային հարթակներում փառատոնն ամենաճանաչված, ամենահեղինակավոր ստուգատեսն է և յուրահատուկ այցեքարտ` բոլորիս համար: Սա լավագույն օրինակն է` պետություն, մասնավոր հատված փոխհարաբերությունների և համատեղ աշխատանքի»,-ասել է ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:
Փառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 12-19-ը:
Լրագրողներին և հյուրերին ներկայացվել է փառատոնի այս տարվա պաշտոնական ազդագիրը, որի հեղինակն է դիզայներ Լիլիթ Մալխասյանը:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնը պահպանել է հիմնական մրցութային անվանակարգերը: Իսկ ժյուրիների կազմերն այս տարի կգլխավորեն՝

• Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթ՝ Ռոբեր Կետիկյան (Ֆրանսիա)
• Վավերագրական ֆիլմերի միջազգային մրցույթ՝ Մարեկ Հովորկան (Չեխիա)
• «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ՝ Հովիկ Հաբեշյան (Լիբանան)
• Հայկական համայնապատկեր ազգային մցույթ՝ Ալեքսանդր Գրոզև (Բուլղարիա)

Փառատոնն այս տարի ստացել է շուրջ 1600 հայտ՝ 105 երկրից, ինչը վկայում է փառատոնի նկատմամբ աճող հետաքրքրության և ներկայացվող ֆիլմերի աշխարհագրության ընդլայնման մասին (2014թ.-ին` 1500 հայտ շուրջ 95 երկրից):
12-րդ «Ոսկե ծիրանի» առանցքում կլինեն Հայոց ցեղասպանության մասին ֆիլմերի ցուցադրությունները: Փառատոնի շրջանակներում կիրականացվի Մեծ Եղեռնին նվիրված ծավալուն երկու ծրագիր` «Մենք կանք» և «Այլևս երբեք»:
«Ոսկե ծիրան»-ի` ավանդական դարձած Երևանյան պրեմիերաներ, Հետահայաց ցուցադրություններ և Հարգանքի տուրք արտամրցույթային ծրագրերն այս տարի ևս հանդիսատեսին և կինոսեր հասարակությանը կծանոթացնեն համաշխարհային կինոարվեստի գլուխգործոցների հետ:
Կինոցուցադրությունները կզուգորդվեն ուսանողների և կինոյի սիրահարների համար անցկացվող վարպետության դասերով:
Փառատոնի օրերին կկայանա նաև «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիրը, որն այս տարի կիրականացվի ՀՀ Մշակույթի նախարարության հետ համատեղ, և որին կմասնակցեն տարբեր երկրների մշակույթի նախարարներ: Ծրագրի շրջանակներում կցուցադրվեն մասնակից երկրներում վերջին տարիներին նկարահանված լավագույն ֆիլմերը:

Об Авторе

ПЯТНИЦА

Независимая еженедельная газета

Похожие материалы

Оставить отзыв

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *