Վերսկսված շինարարություն՝ քսանամյա դադարից հետո

Երկու ամիս առաջ, ուսումնասիրությունների նպատակով կազմակերպված հերթական շրջայցի ժամանակ, «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմը Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում բնակվող Բաղդասարյաններին հաճելի անակնկալ մատուցեց. ընտանիքը տեղեկացավ, որ ընդգրկվել է բնակարանաշինության ծրագրում: Տարիներ շարունակ, Հայկարամը՝ ընտանիքի հայրը, կնոջ և երեք որդիների հետ, ստիպված է եղել ապրել նախ՝ հայրական տանը, ապա՝ վարձով, համագյուղացու կիսավեր բնակարանում: Կիսակառույցի հասցված շինարարությունը, սոցիալական պայմանների պատճառով, քսան տարի շարունակ՝ երազանքից այն կողմ չէր անցել:
Անավարտ շինությունը շուտով լիարժեք տուն կդառնա. շինարարական աշխատանքները մեծ եռանդով վերսկսվել են: Դրանց մասնակցել են նաև կամավորությունն արժեհամակարգ դարձրած գործընկեր կառույցների ներկայացուցիչները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմը: Այսօրինակ աջակցությունը ոչ միայն ֆիզիկական, այլ նախևառաջ հոգևոր խթան է՝ երկար տարիներ սեփական օջախի ջերմությունից զրկված ընտանիքների համար:
«Չեմ կարողանում հավատալ, որ այս ամենը երազ չէ: Տունն արդեն տան նման է. դուռ, պատուհան, տանիք ունի: Այսօրվա ձեր օգնությունն էլ այնքան անսպասելի ու տեղին, այնքան կարևոր ու անգնահատելի… Անչափ շնորհակալ եմ, որ դժվար պահին օգնության ձեռք եք մեկնում ընտանիքիս»,-ասել է Հայկարամը:
Որևէ ներդրման ամենակարևոր արդյունքը ծանր պայմաններում ապրող ընտանիքներին հուսահատությունից հանելն է: Իր թողած ազդեցությամբ` բնակարանաշինության ծրագիրն այդ առաքելության իրականացնողն է դարձել: Համագործակցության վեց տարվա ընթացքում, գործընկեր կազմակերպությունները 149 ընտանիքի համար կարևոր՝ բնակարանի խնդիրը լուծելով՝ նպաստել են նաև ընտանիքների ապագա բարեկեցությանն ու հիմքեր ստեղծել՝ առողջ միջավայրում երեխաներ մեծացնելու համար:
«Եթե ուզում ենք զարգացած գյուղեր ունենալ, ապա պիտի պատրաստ լինենք օգնել մեր հայրենակիցներին՝ շտկելու իրենց մեջքը: Կոտրված սրտով, առանց վաղվա հեռանկարի, հուսահատված մարդն անկախ իր տարիքից՝ անօգնական է: Այս ծրագրի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ այն մարզերում ապրողներին թույլ է տալիս արժանապատվորեն կարգավորել տարիների անլուծելի թվացող խնդիրը: Ուրախ եմ տեսնել, թե ինչպես է հերթական ընտանիքը, նոր լիցքեր ստացած, կառուցում իր երազած տունը: Մենք ևս սիրով միացել ենք շինարարական աշխատանքներին: Նաև այսպես ենք զորացնում լուսավոր ապագայի հանդեպ հավատը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Այս ծրագրի յուրահատկություններից մեկն էլ այն է, որ ընտանիքը ինքն է իրականացնում շինարարական աշխատանքները: Դա ոչ միայն զգալիորեն կրճատում է շինարարական աշխատանքների ծախսը, այլև օգնում է երբեք չլքել սեփական ձեռքերով կառուցված տունը: Այս մասին վկայում է տարիների մեր փորձը»,- ասել է «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
2017 թվականին ՎիվաՍել-ՄՏՍ-ը բնակարանաշինության ծրագրի իրականացման համար 25 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել:

Об Авторе

ПЯТНИЦА

Независимая еженедельная газета

Похожие материалы

Оставить отзыв

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *