Սահմանամերձ Չինարիում բարելավվել է ջրամատակարարման համակարգը

IMG_3120Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ն իրականացրել են գյուղական համայնքներում ջրամատակարարման բարելավմանն ուղղված հերթական ծրագիրը, որի շնորհիվ Տավուշի մարզի Չինարի համայնքը, նախկին 2 ժամի փոխարեն, այսուհետ ապահովված կլինի 6-ժամյա ջրամատակարարմամբ: Բարելավված համակարգը ներառում է նորակառույց ջրահավաք, պոմպակայան և 300 մ ջրագիծ: Ծրագրի իրականացմանն աջակցել է նաև Հայ Օգնության Ֆոնդը (ՀՕՖ):
Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը և ՀՕՖ Հայաստանի մասնաճյուղի փոխտնօրեն Մարգարիտ Փիլիպոսյանը:
Ադրբեջանի հետ 28 կմ երկարությամբ սահման ունեցող Չինարի համայնքն ունի շուրջ 1,175 բնակիչ: Հակառակորդի դիրքերից հայկական գյուղի հեռավորությունը տեղ-տեղ հասնում է 600 մ-ի:
Չինարիում բնակիչներին տարիներ շարունակ ջուր է մատակարարվել օրական ընդամենը 2 ժամ տևողությամբ. համայնքի բնակիչները գյուղի կենտրոնում գտնվող աղբյուրից դույլերով են ջուր տեղափոխել: Աղբյուրն օգտագործվել է նաև անասուններին ջուր տալու և ոռոգման նպատակներով:
FPWC-ի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի նախաձեռնությամբ համայնքում կառուցվել է նոր ջրահավաք, պոմպակայան և 300մ երկարությամբ ջրագիծ, ինչի արդյունքում ջուրը հավաքվում և մղվում է գյուղի հիմնական օրվա կարգավորիչ ջրամբար:
Կատարված աշխատանքների շնորհիվ, Չինարիում այժմ ջրամատակարարումն իրականացվում է 6-ժամյա գրաֆիկով, բարեկարգվել են աղբյուրի հարակից տարածքը և անասնապահական խմոցները:
IMG_3137Չինարիում ՎիվաՍել-ՄՏՍ-ը կամավորության սկզբունքով ծրագրեր է նախաձեռնել դեռ 2010 թվականից. աշխատակիցների և գլխավոր տնօրենի ֆինանսական աջակցությամբ ջեռուցման համակարգով է ապահովվել տեղի մանկապարտեզը, տեղադրվել են նոր դռներ և պատուհաններ, ձեռք են բերվել սառնարան ու գազօջախ: Իսկ մեկ տարի անց՝ 2011 թվականին, ջրի խնդիրը մասնակի լուծելու՝ այն գյուղ հասցնելու նպատակով, գյուղին տրամադրվել են շուրջ 3 կմ երկարությամբ պոլիէթիլենային խողովակներ:
«Չինարիում մեր առաջին ծրագրերը սկսել ենք 6 տարի առաջ: Դրանք իրականացվել են կամավորության սկզբունքով՝ մեր աշխատակիցների ֆինանսական աջակցությամբ: Այսօր այստեղ ենք գործընկեր կառույցի հետ մեր համագործակցության արդյունքը տեսնելու համար: Այսպիսի գյուղերում ծրագրի արդյունքը չափում ենք ոչ թե կատարած աշխատանքի ծավալով, այլև ավելի հաճախ՝ մեր հայրենակիցների տրամադրությամբ: Հակառակորդի աչքի առաջ հողագործությամբ զբաղվող գյուղացին նախ սահմանապահ է. նա պետք է վստահ լինի, որ ինքը մենակ չէ իր խնդիրների հետ: Մենք այստեղ ենք՝ այդ վստահությունը փոխանցելու համար նաև»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից համատեղ իրականացվող ջրամատակարարման բարելավման նախագծի շրջանակում, անցած տարվա ընթացքում կայուն ջրամատակարարմամբ են ապահովվել նաև Լոռու մարզի՝ Չկալով, Գեղարքունիքի մարզի՝ Ծովագյուղ, Սյունիքի մարզի՝ Լոր, իսկ այս տարվա ընթացքում՝ Արարատի մարզի Պարույր Սևակ համայնքները: Երկու կազմակերպությունների գործակցությունն՝ ի նպաստ համայնքային զարգացման, կշարունակվի նաև 2016 թ.-ին:

Об Авторе

ПЯТНИЦА

Независимая еженедельная газета

Похожие материалы

Оставить отзыв

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *