Նոր գյուղտեխնիկա՝ Գնիշիկ համայնքին

10Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ը, հերթական՝ 4-րդ ծրագիրն են իրականացրել Վայոց Ձորի մարզի Գնիշիկ համայնքում: Դեռևս ընթացիկ տարվա հունվարին գործակցող կողմերը 2016թ.-ի գործարանային արտադրության թրթուրավոր «ԴՏ-75» տրակտոր էին նվիրել 2 գյուղ միավորող այս համայնքին: Հարևան գյուղերից տրակտոր վերցնելու խնդիրը նվիրատվության շնորհիվ լուծվել էր, սակայն հիմնականում գյուղատնտեսությամբ զբաղվող համայնքն ուներ նաև լրացուցիչ գյուղտեխնիկայի անհրաժեշտություն:
Համատեղ իրականացվող՝ «Համայնքային զարգացում» ծրագրի շրջանակում, գործընկեր կազմակերպություններն այսօր լուծել են նաև այդ խնդիրը: Որպես նվիրատվություն Գնիշիկ համայնքին տրամադրված նոր գյուղտեխնիկան առավել համակարգված կդարձնի աշխատանքը: Նոր գործիքակազմը ներառում է կարտոֆիլացան, կարտոֆիլահավաք, պարարտանյութ ցրող, խոտհավաք 4 մեքենա, կուլտիվատոր և գութան։
Ժամանակակից տեխնիկայի առկայությունը կնպաստի տեղացիների եկամտի հիմնական աղբյուր հանդիսացող ճյուղի՝ գյուղատնտեսության զարգացմանը:
Նոր գյուղտեխնիկան նվիրելու նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանն այցելել են Գնիշիկ համայնք, հանդիպել համայնքի ղեկավար Արա Լևոնյանի և բնակիչների հետ:
«Տվեք մարդուն կայուն գործ՝ աշխատելու, ապրուստը հոգալու միջոց, կենցաղավարության նվազագույն պայմաններ և նա կկարողանա հաղթահարել ավելի լուրջ խնդիրներ: Մենք՝ գործընկեր կազմակերպություններս, գնում ենք համայնքների զարգացման ճանապարհով: Կոնկրետ այս համայնքում համատեղ ուժերով լուծվել են այնպիսի խնդիրներ, որոնք կարևոր են՝ գյուղացու առօրյան կազմակերպելու համար. ջուր, լույս, գյուղտեխնիկա… Տարբեր համայնքերում գյուղատնտեսական հողերի շահագործումը լիարժեք չի իրականացվում: Դա մասամբ պայմանավորված է համապատասխան գյուղտեխնիկա չունենալու, մասամբ՝ սահմանամերձ լինելու հանգամանքով: Եթե մենք ապահովենք առաջինը՝ նվազագույն պայմանները, մեր հայրենակիցներն ավելի ամուր ու վստահ կապրեն սահմանամերձ գյուղերում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ձմռան ամիսներին Մոզրով և Գնիշիկ տանող ճանապարհները հաճախ դառնում են անանցանելի, և գյուղացիներն օրեր շարունակ կտրվում են արտաքին աշխարհի հետ հաղորդակցությունից։ Այսուհետ գյուղը նման խնդրի առաջ չի կանգնի. այդ ամիսներին տեխնիկան կօգտագործվի ձնամաքրման և ձնահեռացման, իսկ տարվա մյուս եղանակներին՝ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու նպատակով։
Մոզրով և Գնիշիկ գյուղերը միավորող՝ Գնիշիկ համայնքում հիշատակված երկու ծրագիրն իրականացվել է ընթացիկ տարում: Ավելի վաղ, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործակցության արդյունքում իրականացվել է ևս 2 ծրագիր. 2015թ.-ին համայնքն ապահովվել է լուսադիոդային (LED) համակարգով գործող՝ արտաքին լուսավորությամբ։ Տեղակայվել է լուսավորության 37 սյուն: Իսկ
2016թ.-ին Գնիշիկ համայնքում կառուցվել է 2050 մ երկարությամբ նոր ջրագիծ. համայնքն ամբողջությամբ ապահովվել է շուրջօրյա ջրամատակարարմամբ։
Գնիշիկն ունի 225 բնակիչ: Տեղացիները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։ Տարածաշրջանը հայտնի է պատմամշակութային արժեքներով և հարուստ բնությամբ: Այստեղ հայտնաբերվել են 4-5-րդ դարերի խաչքարեր, մատուռներ, դամբարաններ, բազմաթիվ քարանձավներ։ Շրջակայքի յուրահատուկ աշխարհագրական դիրքը նպաստել է բուսական և կենդանական աշխարհի ձևավորմանը` համալրելով Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների ցանկը: Շրջակա տարածքը միջանցք է Կարմիր գրքում գրանցված հայկական մուֆլոն, բեզոարյան այծ, գորշ արջ, լուսան, կովկասյան հովազ և այլ կենդանատեսակների համար։

Об Авторе

ПЯТНИЦА

Независимая еженедельная газета

Похожие материалы

Оставить отзыв

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *