ՀՀ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող 5 դպրոցում դասավանդվելու են «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաները

ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամաններով հաստատվել են ՏՀՏ ոլորտի մասնագիտական առարկաների առարկայական չափորոշիչները և ծրագրերը:
Ծրագիրն իրականացվում է հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող 5 դպրոցներում և միտված է երկրի տնտեսական և գիտատեխնիկական առաջընթացի կարևորագույն բաղադրիչներից և գերակա ուղղություններից մեկը հանդիսացող ՏՀՏ ոլորտի զարգացմանը:
ՏՀՏ ոլորտում մասնագիտական կրթության ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՎիվաՍել-ՄՏՍ, Սինոփսիս Արմենիա և Յունիքոմփ ընկերությունների ջանքերով՝ նախարարության և նշված կազմակերպությունների միջև ս.թ. մարտի 30-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի հիման վրա:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր կայացած համատեղ ասուլիսի ընթացքում նախարար Արմեն Աշոտյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Սինոփսիս Արմենիա ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը և Յունիքոմփ ընկերության տնօրեն Արմեն Բալդրյանը ներկայացրեցին ծրագրի իրականացման ընթացքն ու նախնական արդյունքները:
Այսպես, մինչև 2015-2016 թթ. ուսումնական տարվա մեկնարկը Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ ու գործուն մասնակցությամբ մշակվել են «Հեռահաղորդակցության հիմունքներ» մասնագիտական առարկայի չափորոշիչներն ու ծրագիրը, ինչպես նաև իրականացվել է տվյալ առարկայի ուսուցիչների վերապատրաստում: Բացի վերը նշվածը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ իրականացվում են «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների լաբորատորիաների ստեղծման աշխատանքները: Ընդհանուր առմամբ, ծրագրի իրականացման նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը նախատեսել է հատկացնել շուրջ 70 միլիոն դրամ:
Սինոփսիս Արմենիա ընկերությունը ևս իր ներդրումն է ունեցել «Միկրոէլեկտրոնիկա» առարկայի չափորոշիչների և ծրագրի մշակմանը, ինչպես նաև իրականացրել է «Միկրոէլեկտրոնիկա» առարկայի ուսուցիչների վերապատրաստում:
Յունիքոմփ ընկերությունը մասնակցել է «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկայի առարկայական չափորոշիչների և ծրագրի մշակմանը, անցկացրել է «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկայի ուսուցիչների վերապատրաստում, ինչպես նաև տրամադրել է Տեղեկատվական Տեխնոլոգիաներ առարկայի ուսուցման անհրաժեշտ լաբորատոր սարքավորումներ և գործիքներ: «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների լաբորատորիաների ապահովման և առանձին համակարգչային ցանցերի ստեղծման աշխատանքները գտնվում են իրականացման փուլում:
Ավագ դպրոցում ՏՀՏ ոլորտի առարկաներ դասավանդելու նպատակներն ու ծրագիրն արտացոլում են մի կողմից՝ Կրթության և գիտության նախարարության, մյուս կողմից՝ տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի առաջատարներ ՎիվաՍել-ՄՏՍ, Սինոփսիս Արմենիա և Յունիքոմփ ընկերությունների պատրաստակամությունը բարձրացնել ՏՀՏ ոլորտում մասնագիտական կրթության որակը՝ ներմուծելով ոլորտի առաջատար ընկերությունների տեսական ու գործնական նորարարական գիտելիքների վրա հիմնված մեթոդաբանությունը: Համատեղ ծրագիրը հատուկ ուշադրություն է հատկացնում հայաստանցի երիտասարդների համար առավել լավ հնարավորությունների ստեղծմանը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության կամ միկրոէլեկտրոնիկայի ոլորտում ապագա մասնագիտական ընտրության համար:
Կրթական ծրագիրն իրականացվում է թվով 5 ուսումնական հաստատությունում՝ Գյումրիի «Ֆոտոն» վարժարանում, Երևանի «Քվանտ» վարժարանում, Վանաձորի՝ մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցում, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Երևանի ավագ դպրոցում և Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում:
«Մեր հավակնությունն է` ունենալ Հայաստանում կրթական բրենդային նոր ծրագիր, որ կարող ենք նաև արտահանել որպես գաղափար և բովանդակություն` «Շախմատ» առարկայի նման: Ծրագրի ներդրումը պայմանավորված է տեխնոլոգիական կրթության զարգացման միտումներով և դպրոցներում գիտատեխնոլոգիական առարկայախմբի հստակ ներկայացվածությամբ: Ծրագիրն իրոք աննախադեպ է տեխնոլոգիական կրթության զարգացման տեսանկյունից. նախագիծը դեռևս չմեկնարկած արդեն ունի մեծ արձագանքներ մի շարք արտասահմանյան երկրներից և միջազգային կառույցներից, որոնք հեատաքրքրված են ծրագրի մոնիթորինգով և ապագայում փորձի փոխանակմամբ: Այս ծրագիրը երևի թե պետություն–մասնավոր հատված համագործակցության ամենացայտուն և գործնական օրինակներից մեկն է, որը խարսխված չէ պարզապես գումար ներդնելու մեջ. ծրագրի հիմքում ընկած է հստակ գաղափար: Այսինքն` խոսքը չի գնում հերթական բարեգործործության մասին, սա շրջադարձային նոր համագործակցության ձևաչափ է, որտեղ պետությունը և մասնավորը համատեղ փորձում են կրթության ոլորտի որևէ հատվածում պատասխանատվություն վերցնել նորարարության համար և այն կյանքի կոչել»,-ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«ՏՀՏ ոլորտում մասնագիտական կրթության ծրագրին ՎիվաՍել-ՄՏՍ-ի մասնակցությունը պայմանավորված է Հայաստանի մեր տեսլականով՝ որպես երկրի, որը ոչ միայն կիրառում է բարձր տեխնոլոգիաներ, այլև՝ աշխարհին ներկայացնում իր կողմից ստեղծված նորարարությունները: Հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների և միկրոէլեկտրոնիկայի ոլորտները տնտեսական զարգացման կարևորագույն խթան են: Այս աննախադեպ կրթական ծրագիրը նաև կունենա նշանակալի սոցիալական ազդեցություն՝ նպաստելով աշխատաշուկայի պահանջներին համապատասխանող մասնագետների պատրաստմանը և օգնելով հայ երիտասարդներին մնալ ու աշխատել Հայաստանում»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Այս ծրագրի շնորհիվ մի քանի տարի հետո որակական և արմատական փոփոխություններ կլինեն, որովհետև բուհերը դպրոցներից կստանան տաղանդաշատ պատանիներ, որոնք տարբեր մասնագիտությունների գծով կպատրաստեն որակյալ կադրեր»,- նշել է Սինոփսիս Արմենիա ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը:
«Ցանկացած երկրի ապագայի համար որոշիչ գործոններ են խանդավառ, հայրենասեր, հիմնարար գիտելիքներով օժտված երիտասարդությունը, և առաջատար տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսությունը: Օրվա հրամայականն է, որ այսպիսի հեռանկարային զարգացման նախադրյալները հնարավորինս արագ ձևավորվեն մեր դպրոցներում: Հենց դրան էլ միտված է համատեղ իրականացվող այս ծրագիրը», — ասել է Յունիքոմփ ընկերության տնօրեն Արմեն Բալդրյանը:

Post source : Наш партнер

Об Авторе

ПЯТНИЦА

Независимая еженедельная газета

Похожие материалы

Оставить отзыв

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *