Համայնքների զարգացումը՝ կարևոր թիրախ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում են աջակցել Վայոց Ձորի Մոզրով գյուղին: Գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, կողմերը գյուղին նվիրել են 2016թ.-ի գործարանային արտադրության՝ թրթուրավոր «ԴՏ-75» տրակտոր: Ակնկալվող գյուղտեխնիկան տրամադրվել է համատեղ իրականացվող՝ «Համայնքային զարգացում» ծրագրի շրջանակում:
Չնայած խիստ անհրաժեշտությանը, Մոզրովի բնակիչները տրակտոր երբեք չեն ունեցել. գյուղացիներն օգտագործել են հարևան գյուղերինը, ինչը լրացուցիչ ծախսեր է առաջացրել։ Հիմնականում գյուդատնտեսությամբ զբաղվող սահմանամերձ գյուղի համար այս կարևոր տեխնիկան տարվա երեք եղանակներին կօգտագործվի գյուղատնտեսական, իսկ ձմռան ամիսներին՝ գյուղ տանող ճանապարհը մաքրելու նպատակով։
Առատ տեղումների պատճառով, ձմռան ամիսներին Մոզրով տանող ճանապարհը հաճախ փակվում է, և գյուղը երբեմն շաբաթներ շարունակ մեկուսացված է մնում ։ Հաջորդ տարվա ձմռանը, անկախ եղանակի մատուցած անակնկալից, խնդիրն այլևս անհաղթահարելի չի լինի:
Նոր գյուղտեխնիկան նվիրելու համար, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը հերթական շրջայցով եղել են Մոզրովում, հանդիպել և մտքեր են փոխանակել համայնքի ղեկավար Արա Լևոնյանի և բնակիչների հետ:
«Ավելի քան տասնմեկ տարի մեր ռազմավարության հիմնական ուղղություններից մեկը եղել է համայնքների զարգացումը: Դա պատասխանատու մոտեցման դրսևորումներից մեկն է: Փորձել ենք քայլ առ քայլ զարգացնել ենթակառուցվածքները: Այսօր տրամադրվող գյուղտեխնիկան նույնքան կարևոր է, որքան բնականոն կյանքի համար ստեղծված մյուս պայմանները: Սահմանամերձ գյուղերն այս տարի ևս կլինեն մեր ուշադրության թիրախում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործակցության արդյունքն այս համայնքում բազմիցս են արձանագրել: 2016թ.-ին Գնիշիկ համայնքում, որի կազմում Մոզրով և Գնիշիկ գյուղերն են, կառուցվել է 2050 մ երկարությամբ նոր ջրագիծ. համայնքն ամբողջությամբ ապահովվել է շուրջօրյա ջրամատակարարմամբ։ Իսկ 2015թ.-ին համայնքն ապահովվել է նաև լուսադիոդային (LED) համակարգով գործող արտաքին լուսավորությամբ։ Տեղակայվել է լուսավորության 37 սյուն:
Մոզրով գյուղն ունի 72 բնակիչ: Տեղացիները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։ Տարածաշրջանը հայտնի է պատմամշակութային արժեքներով և հարուստ բնությամբ: Այստեղ հայտնաբերվել են 4-5-րդ դարերի խաչքարեր, մատուռներ, դամբարաններ, բազմաթիվ քարանձավներ։ Շրջակայքի յուրահատուկ աշխարհագրական դիրքը նպաստել է բուսական և կենդանական աշխարհի ձևավորմանը` համալրելով Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների ցանկը: Շրջակա տարածքը միջանցք է Կարմիր գրքում գրանցված հայկական մուֆլոն, բեզոարյան այծ, գորշ արջ, լուսան, կովկասյան հովազ և այլ կենդանատեսակների համար։

Об Авторе

ПЯТНИЦА

Независимая еженедельная газета

Похожие материалы

Оставить отзыв

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *