Երևանի կենդանաբանական այգում պաշտոնապես բացվել է Հայաստանում ներառական առաջին խաղահրապարակը

Երևանի քաղաքապետարանը 2013թ. մեկնարկեց Երևանի կենդանաբանական այգու վերակառուցման ծրագիրը, որով նախատեսվում էր արմատապես փոխել ինչպես այգու միջավայրը, այնպես էլ կենդանիների պահման և խնամքի պայմանները: Ծրագրի առաջին փուլի շրջանակում այգում շուրջ 1 մլրդ դրամի շինարարական և դիզայներական աշխատանքներ իրականացվեցին և 2015թ. հունիսի 1-ին այն իր հերթական տարեշրջանը սկսեց անճանաչելիորեն վերափոխված: Ծրագրի մեկնարկին զուգահեռ տարբեր կառույցներ, այդ թվում նաև բնապահպանական ուղղվածության հասարակական կազմակերպություններ, հանդես եկան ծրագրում իրենց մասնակցությունն ունենալու առաջարկությամբ: Մասնավորապես Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն առաջարկեց այգում նախատեսվող խաղահրապարակի կառուցման շրջանակում ունենալ նաև ներառական խաղահրապարակ: Առաջարկն արժանացավ Երևանի քաղաքապետի հավանությանն ու նրա հանձնարարությամբ խաղահրապարակի կառուցումը ներառվեց այգու վերակառուցման ծրագրում:
Ըստ այդմ 2014թ. դեկտեմբերից հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացված հանրային դրամահավաք-արշավի արդյունքում հավաքագրվեցին թե՛ շարքային քաղաքացիների, թե՛ հիմնադրամի գործընկեր կառույցների կողմից կատարված ներդրումները:
2015թ. ապրիլի 9-ին Մարիոթ հյուրանոցում անցկացվեց բարեգործական երեկոն, որին մասնակցեցին մասնավոր և հասարակական կառույցների, դիվանագիտական կորպուսի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կենդանի, անձայն աճուրդների և ազատ հանգանակությունների արդյունքում հավաքվեց շուրջ տասը միլիոն դրամ, որը երեկոյի ավարտին կրկնապատկեց հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
«Ներառական խաղահրապարակի ստեղծումը կարևոր է այն առումով, որ սահմանափակ կարողություններով երեխաներին թույլ է տալիս հավասարապես օգտվել խաղահրապարակի հնարավորություններից: Դա դրական ազդեցություն կունենա նրանց վրա թե՛ ֆիզիկական, թե՛ էմոցիոնալ տեսանկյունից՝ տալով նրանց հաղորդակցվելու և միմյանցից սովորելու, իրենց կարողությունները բացահայտելու և զարգացնելու, ինչպես նաև հոգեբանական խոչընդոտները հաղթահարելու հնարավորություն: Հաշվի առնելով այս ամենը` ՎիվաՍել-ՄՏՍ-ը չէր կարող անմասն մնալ այս նախաձեռնության իրագործմանը»,-նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Նախագծի իրականացմանն իրենց աջակցությունն են բերել նաև Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ ընկերությունը, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության աշխատակազմը, Երուսաղեմի բիբլիական կենդանաբանական այգու աշխատակազմը, Հայ-բրիտանական գործընկերության պալատը, անհատներ և կազմակերպություններ:
Խաղահրապարակի կառուցման ընթացքում օգտակար և անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն են ցուցաբերել «Ունիսոն», «Հույսի կամուրջ», «Հայ մայրեր», «Փրկություն» ՀԿ-ները, Մանկական զարգացման հիմնադրամը: Մասնագիտական, խորհրդատվական գնահատելի աջակցություն է ցուցաբերել նաև «Աուտիզմ» ազգային հիմնադրամը:
Ծրագրի արդյունքում կառուցված խաղահրապարակը վստահաբար սոցիալական ինտեգրման մոդելային տարածք կդառնա՝ նման երեխաների նկատմամբ հանրային ընկալման որոշակի կարծրատիպերը փոխելու համար: Ներառական խաղահրապարակն առողջ զարգացման ինքնատիպ հարթակ կդառնա տարբեր կարողություններով երեխաների համար, որտեղ նրանք խաղի և կրթության հավասար հնարավորություններ կունենան:

Об Авторе

ПЯТНИЦА

Независимая еженедельная газета

Похожие материалы

Оставить отзыв

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *