Երգչախմբերի Օլիմպիական խաղերում «Փարոս» երգչախումբն արժանացել է 2 արծաթե մեդալի

2016թ. հուլիսին Սոչիում կայացան Երգչախմբերի 9-րդ համաշխարհային խաղերը: Երգչախմբային այս խոշորագույն մրցույթը, որը հայտնի է նաև Երգչախմբերի Օլիմպիական խաղեր անվանմամբ, 2000թ.-ից անցկացվում է INTERKULTUR կազմակերպության կողմից երկու տարին մեկ անգամ հաճախականությամբ աշխարհի տարբեր երկրներում: Այս տարի մրցույթին ներկայացված էր 35 երկիր (Չինաստան, Ավստրալիա, Հորդանան, Գերմանիա, Շվեդիա, Հարավային Աֆրիկա…), իսկ մասնակիցների ընդհանուր թիվն անցնում էր 20000-ից:
Օլիմպիական խաղերին Հայաստանի միակ ներկայացուցիչը «Ունիսոն» ՀԿ-ին կից գործող «Փարոս» կամերային երգչախումբն էր (գեղարվեստական ղեկավար և խմբավար` Րաֆֆի Միքայէլեան): Լինելով ներառական երգչախումբ (անդամների մեծ մասը հաշմանդամություն ունեցող երգիչներ են)` «Փարոսը» եզակի էր առհասարակ բոլոր երկրների երգչախմբերի մեջ:
Օլիմպիական խաղերում նախատեսված է մասնակցության 2 տարբերակ` Բաց մրցույթ, որին կարող է մասնակցել ցանկացած երգչախումբ և Չեմպիոնների մրցույթ, որում մրցակցում են միայն միջազգային մրցույթի դափնեկիրները։ «Փարոսն» արժանացավ Չեմպիոնների մրցույթի 2 արծաթե մեդալների «Հոգևոր երաժշտություն a capella» և «Երկսեռ կամերային երգչախմբեր» անվանակարգերում։ Կատարվեցին Կոմիտասի, Վ.Սարգսյանի, Ա.Շնիտկեի, Ի.Բրամսի և այլ հեղինակների ստեղծագործությունները։ Ի դեպ, 2014թ. Լատվիայում կայացած 8-րդ Օլիմպիական խաղերում «Փարոսը» կրկին նվաճել էր երկու արծաթ Հայաստանի համար:
Սոչիում հայաստանյան երգչախումբը հանդես եկավ ոչ միայն մրցութային, այլև համերգային ելույթով: Բացի այդ, կայացավ Ռուսաստանի հայերի միության Սոչիի ներկայացուցչության կողմից կազմակերպված «Փարոսի» պաշտոնական ընդունելությունը: Հայրենակիցների սատարումը, ինչպես նաև Սոչիի քաղաքապետի տեխնիկական աջակցությունը կարևոր դերակատարում ունեցան երգչախմբի հաջողությունների մեջ: Երգչախմբի հաղթանակները հնարավոր են դարձել ՀՀ մշակույթի նախարարության և «Փարոս» Հիմնադրամի (ԱՄՆ) աջակցության շնորհիվ: «Փարոս» կամերային երգչախմբի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:
Երգչախմբերի հաջորդ` 10-րդ համաշխարհային խաղերը, կկայանան 2018թ.-ին Հարավային Աֆրիկայի Ցվանե քաղաքում: Հուսանք, որ «Փարոսը» հնարավորություն կունենա հերթական անգամ պատվով ներկայացնել Հայաստանը։

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել`
«Ունիսոն» ՀԿ` (010/055) 522170, կոնտակտային անձ` Մարիաննա Չալիկյան, էլ փոստ` pr@unison.am

Об Авторе

ПЯТНИЦА

Независимая еженедельная газета

Похожие материалы

Оставить отзыв

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *