Գյուղական համայնքների ջրամատակարարման բարելավմանն ուղղված ծրագիրը շարունակվում է

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությամբ իրականացվող «Ջրամատակարարման բարելավում» ծրագրի շրջանակում՝ Վայոց Ձորի Գնիշիկ գյուղում կառուցվել է 2050 մ երկարությամբ նոր ջրագիծ, տեղադրվել են բաժանարար հանգույցներ և ճնշման կարգավորիչներ։ Արդյունքում, գյուղն ամբողջությամբ ապահովվել է շուրջօրյա ջրամատակարարմամբ։ Եթե նախկինում ջուրը հասանելի էր բնակչության միայն 30 տոկոսին, ընդ որում՝ շաբաթական 2-3 օր, երկուական ժամով, ապա այժմ գործում է ջրամատակարարման շուրջօրյա ռեժիմ:
Գյուղի ջրամատակարարման նախկին համակարգը տարիներ շարունակ եղել է անմխիթար վիճակում: Քայքայված ջրագծերի պատճառով խմելու ջրին խառնված ցեխաջրերը, ավելացած հոսակորուստները, հաճախակի դարձած վթարները ժամանակին ֆինանսական չնախատեսված ծախսերի պատճառ են դարձել: Խնդիրների վերացման համար էլ երբեմն գյուղի բյուջետային միջոցները չեն բավարարել: Բնակիչները շաբաթներ շարունակ մնացել են առանց խմելու ջրի պաշարի։ Գյուղական համայնքներում ջրամատակարարման բարելավմանն ուղղված այս ծրագրով, հնարավոր է դարձել առանց ջրաքանակի ավելացման՝ ապահովել 24-ժամյա ջրամատակարարում։
Համակարգի գործարկմանը ներկա են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Գնիշիկ համայնքի ղեկավար Արա Լևոնյանը և գյուղի բնակիչներ:
«Այս գյուղը մեկն է համատեղ ծրագրում ընդգրկվածներից, որտեղ մենք փորձել ենք առկա խնդիրները լուծել քայլ առ քայլ: Մեկ տարի առաջ այստեղ կարգավորվել է տարածքի լուսավորության հարցը, այսօր արդեն՝ խմելու ջրի: Գյուղական ենթակառուցվածքների զարգացումը եղել և մնում է մեր ուշադրության կենտրոնում: Դա կարևոր է ոչ միայն մեզ համար՝ որպես պատասխանատու մոտեցում որդեգրած կազմակերպություն, այլև՝ բնակիչների, համայնքների ու երկրում զարգացման տեմպեր արձանագրելու համար: Ուրախ եմ տեսնել նաև, որ մեր որդեգրած արժեհամակարգը օրինակ է դարձել այլ կազմակերպությունների համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործակցության արդյունքում 2015թ.-ին գյուղն ապահովվել է նաև լուսադիոդային (LED) համակարգով գործող արտաքին լուսավորությամբ։ Տեղակայվել է լուսավորության 37 սյուն:
Հարուստ կենսաբազմազանությամբ Գնիշիկ գյուղն ունի 72 բնակիչ: Տեղացիները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։
Տարածաշրջանը հատկապես հայտնի է պատմամշակութային արժեքներով և հարուստ բնությամբ: Այստեղ հայտնաբերվել են 4-5-րդ դարերի խաչքարեր, մատուռներ, դամբարաններ, բազմաթիվ քարանձավներ։ Շրջակայքի յուրահատուկ աշխարհագրական դիրքը նպաստել է բուսական և կենդանական աշխարհի ձևավորմանը` համալրելով Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների ցանկը: Շրջակա տարածքը միջանցք է Կարմիր գրքում գրանցված հայկական մուֆլոն, բեզոարյան այծ, գորշ արջ, լուսան, կովկասյան հովազ և այլ կենդանատեսակների համար։

Об Авторе

ПЯТНИЦА

Независимая еженедельная газета

Похожие материалы

Оставить отзыв

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *