Բնակարանամուտ՝ Շղարշիկում

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» համագործակցության շնորհիվ Արագածոտնի մարզի Շղարշիկ համայնքում 2015թ.-ի վերջին ավարտվել է մեկ կիսակառույց տան շինարարություն և վերանորոգվել է երկու տանիք: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը մասնակցել են երջանիկ ընտանիքի բնակարանամուտի արարողությանը և այցելել տանիքները նորոգած ընտանիքներին:
Համատեղ իրականացվող բնակարանաշինության ծրագիրն անցյալ տարի մեկնարկել է հենց այս տան շինարարությամբ: Խամոյանների ընտանիքը 20 տարի ապրել է կիսակառույց տանը, բետոնապատ հատակի վրա, առանց խոհանոցի և սանհանգույցի: Ի սկզբանե որպես կաթսայատուն կառուցված շինությունն այսօր հարմարավետ տուն է դարձել ընտանիքի համար:
«Երբ հեռվից նայում եմ տարիներին, այնքան հեքիաթային է այսօրվա մեր երջանկությունը: Մեր ընտանիքում յուրաքանչյուրն ուզում է ամեն պահ տանը լինել, վայելել այն հարմարավետությունը, որից զրկված ենք եղել տարիներ շարունակ: Վատ պայմաններն իրենց հետքն են թողել երեխաներիս առողջության վրա: Հիմա, գոնե նրանց առողջությունն ինչ- որ չափով երաշխավորված կլինի»,-ասել է Խամոյանների ընտանիքի հայրը՝ Մուշեղը:
«Այս ծրագրի հիմքում անտարբերությունը մերժելու մոտեցումն է: Նպատակ, որը հարազատ է մեր ընկերության արժեհամակարգին: Իր խնդիրների և հոգսերի մեջ միայնակ մնացած մարդը նախ հարմարվում է ստեղծված վիճակին, ապա մեկուսանում է միջավայրից: Դա ամենավատ հոգեվիճակն է, որից պետք է խուսափի հասարակությունը: Մենք ձգտում ենք լինել այն աջակցող ձեռքը, որը բազմաթիվ ընտանիքների հանում է դժվարին վիճակից: Այդ ձեռքը, սակայն, ամենազոր չէ: Մենք մեր ծրագրերով շարունակում ենք հուշել մարդկանց. մի եղեք անտարբեր»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Ծրագրի շրջանակներում Արագածոտնի մարզում կիսակառույց տան շինարարությունն ավարտել կամ տունը վերանորոգել է 10 ընտանիք: Շատերի համար տարրական կոմունալ հարմարություններն ու բարեկարգ տունը բնական ու օրինաչափ երևույթ են, մինչդեռ մի զգալի զանգվածի համար այն մաքառումների նպատակակետ է դառնում՝ կյանքը, մի տեսակ, թողնելով հետին պլանում: Ծրագրի այս և մյուս ընտանիքների համար մի խնդիր այլևս պակասել է»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
Հիշեցնենք, որ 2015թ.-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը 100 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, իսկ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնն» իրականացրել է այն: Համատեղ իրականացվող ծրագրից 2007թ.-ից մինչև օրս օգտվել է 93 ընտանիք:

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու գիտես, որ կարող ես:

Об Авторе

ПЯТНИЦА

Независимая еженедельная газета

Похожие материалы

Оставить отзыв

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *