Անտառակայան՝ բնապահպանության ոլորտում գիտակրթական ուսումնասիրությունների խթանման նպատակով

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը և Բնության պահպանության միջազգային միության Նիդերլանդների ազգային կոմիտեի ավագ փորձագետ, հողերի ձեռքբերման ծրագրի համակարգող Մարկ Հոխեսլախը ներկա են գտնվել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (ԿԿԱ) նոր անտառակայանի բացմանը: Կայանի նպատակը բնապահպանության ոլորտում գիտակրթական ուսումնասիրությունների խթանումն է: Այն կնպաստի նաև կենսաբազմազանության պահպանմանը, գիտության զարգացմանն ու համայնքի բարեկեցության բարձրացմանը:
Կայանը կառուցվել է էկո-նյութերով և հագեցած է նորագույն «կանաչ» տեխնոլոգիաներով: Այն ծառայելու է և՛որպես ԿԿԱ անտառապահների 2-րդ կայան, և՛ որպես գիտահետազոտական, կրթական կենտրոն: Այստեղ հնարավոր կլինի անմիջական շփում ունենալ վայրի բնության հետ, ստանալ անհրաժեշտ պայմաններ՝ բնագիտական հետազոտական աշխատանքներ իրականացնելու համար:
Անտառակայանի կառուցմանն աջակցել են Բնության պահպանության միջազգային միության Նիդերլանդների ազգային կոմիտեն (IUCN NL) և ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի հզորացում» ծրագրի շրջանակներում:
«Որքան ավելի ուրբանիզացված է դառնում մեր շրջակա միջավայրը, որքան ավելի է հարմարեցվում բնությունը մեր կենսակերպին, այնքան ավելի կարևոր է դառնում բնության այսպիսի անկյունների գոյությունը, որտեղ կարելի է զգալ մարդ-բնություն խորքային կապը, աղմուկից, աստղերի լույսը ծածկող արհեստական լուսավորությունից հեռու, վայրի բնությանը մոտ: Անտառակայանի մոդելն ինքնաբավ համակարգ է, որտեղ ջեռուցման, տաք ջրի, էլեկտրականության ստացման համար շրջակա միջավայրին վնաս չհասցնող նորագույն տեխնոլոգիաներ են կիրառված:
Անտառակայանը կծառայի որպես գիտական և կրթական հանգույց, ինչպես նաև Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի անտառապահների 2-րդ կայանը կլինի: Այս կարևորագույն տարածքը բնության պահպանության նպատակով ձեռք է բերվել մեր գործընկերներ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Բնության պահպանության միջազգային միության Նիդերլանդների կոմիտեի աջակցությամբ: Այն ձևավորել է բուֆերային գոտի և էկո-միջանցք, որոնք կամրջում են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը և Խոսրովի պետական արգելոցը»,- ասել է FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը։
«Բոլոր խնդիրներն առաջանում են անտարբերությունից: Բնապահպանության նկատմամբ դրսևորած յուրաքանչյուր անզգույշ վարքագիծ կարող է լուրջ խնդիրներ առաջացնել: Անդառնալի այդ հետևանքների կրողը դառնում է նույն այն հասարակությունը, որը ժամանակին ստեղծել է խնդիրը: Մարդիկ երբեմն կարող են անտարբեր լինել նաև տեղեկացված չլինելու պատճառով: Այսպիսի կենտրոնների առկայությունը շատերին կօգնի էկոկրթությունը հասանելի դարձնել շատերին և պատգամ հղել բոլորին. ավելի դյուրին է կանխարգելել խնդիրները, քան՝ գտնել դրանց լուծումը: Վստահ եմ, որ կենտրոնը կծառայի իր նպատակին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն իր նվիրումով, եռանդով և հետևողական աշխատանքի շնորհիվ ցույց է տվել, որ բնության պահպանության ոլորտում կարելի է շոշափելի արդյունքների հասնել: Անտառակայանը կամրապնդի այդ աշխատանքի արդյունքը և Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը կներկայացնի որպես նվիրված աշխատանքի հաջողված մոդել` բնության պահպանության ոլորտում»,- ասել է Բնության պահպանության միջազգային միության Նիդերլանդների ազգային կոմիտեի ավագ փորձագետ, հողերի ձեռքբերման ծրագրի համակարգող Մարկ Հոխեսլախը:
10 000 հեկտար զբաղեցնող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (ԿԿԱ) առաջին մասնավոր պահպանվող տարածքն է Հարավային Կովկասում: ԿԿԱ և հարակից տարածքներն առանցքային նշանակություն ունեն հարավկովկասյան կենսաբազմազանության և հազվագյուտ կենդանական աշխարհի համար։
Նախագծի արդյունավետության մասին են փաստում տարածքի կենսաբազմազանության նկատելի աճը, այդ թվում՝ ՀՀ Կարմիր գրքում գրանցված մի շարք կենդանատեսակների, մասնավորապես` բեզոարյան այծի, քարարծվի, գառնանգղի, գորշ արջի քանակական աճը և Կովկասյան հովազի առկայությունը։
Արարատի մարզում գտնվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (ԿԿԱ) գործունեության թիրախում են կենսաբազմազանության պահպանությունը, նորարարությունն ու համայնքային զարգացումը։
«Խոսրովի անտառ» պետական արգելոցին հարակից յուրահատուկ հարուստ կենսաբազմազանությամբ ԿԿԱ-ն գտնվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կառավարման ներքո: Վայրի կենդանիների միգրացիոն կարևորագույն միջանցքների անվտանգությունն ապահովելուն կոչված նախագիծն իրականացվում է 2011թ-ից։

FPWC-ի մասին

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում է 2002թ-ից: FPWC-ին Բնության պահպանության միջազգային միավորման (IUCN) անդամ է։
Հայաստանի բնական բացառիկ ժառանգության և կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական խնդիրների և բնության պահպանության կարևորության մասին հանրային իրազեկումը մեր առաքելությունն է։ Մենք նպատակ ունենք մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմամբ կրճատել կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների անհետացման ռիսկերը։
Կենսաբազմազանության պահպանումը, բնապահպանական կրթությունը, համայնքային զարգացումը և հանրային իրազեկումը մեր գործունեության առանցքում են։
ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

* * *
«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBTծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Об Авторе

ПЯТНИЦА

Независимая еженедельная газета

Похожие материалы

Оставить отзыв

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *